Բաժիններ՝

Սիրիահայ գործարարները մեկ տարով կազատվեն ՊԵԿ-ի ստուգումներից

Օրեր առաջ սիրիահայ գործարարները բողոքի ձայն էին բարձրացրել՝ կապված Հայաստանում գործող օրենսդիր, հարկային դաշտի հետ: Ըստ նրանց՝ լավ կլիներ, որ կառավարությունը արտոնություններ տար արտադրության համար պահանջվող սարքավորումների ներկրման համար, ազատեր հարկերից, և այլն: Նրանք նաև նշում են, որ Հայաստանում գործում են   անհավասար մրցակցային պայմաններ, բիզնեսի միջազգային կանոններով չեն աշխատում` չկան պայմանագրային, իրավական հարաբերություններ, կա բանավոր խոսք միայն:

Այս դժգոհությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար 168.am-ը դիմեց ՀՀ սփյուռքի նախարարությանը։ Մեր այն հարցին, թե որքանով է նախարարությունն աջակցում սիրիահայ գործարարին Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը պատասխանեց. «Կոնկրետ երեկ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը նշել է, որ առ այսօր ինչ տեղի է ունեցել՝ եթե անգամ դժգոհություն է եղել, տեղի է ունեցել սփյուռքահայերի կողմից օրենքի չիմացությունից»:
Նա նաև հավելեց, որ երեկվա խորհրդակցության արդյունքում՝ դիրքորոշում է մշակվել, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում գործարարությամբ զբաղվող սիրիահայերը ՊԵԿ-ի կողմից ստուգումների չեն ենթարկվի, որպեսզի նրանք կարողանան ծավալել իրենց գործունեությունը՝ եթե նրանց դժգոհությունը դրանում է:
«Մենք ամեն խնդրին անհատականորեն ենք մոտենում, դրա համար երբեմն մեկ-երկուսի կողմից տարածած աղմուկը այնքան մեծ է լինում, որ անգամ բարեհաջող ներդրում կատարած գործարարի կամ անգամ ուղղակի հաջողություն ունեցող Սփյուռքի ներկայացուցչի հաջողությունը կարղ է ստվերվել: Պետք է միշտ անհատական մոտեցում ցուցաբերվի՝ ամեն դեպք քննարկվի»,-ասաց  Ֆ.Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս