Իսրայելը մտահոգ է Սինայում եգիպտական զինտեխնիկայի առկայությունից

Եգիպտոսի իշխանությունները խախտել են Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը` սահմանային Սինայի թերակղզում տեղակայելով զորքեր, որոնց թիվը և զինվածությունը չեն համապատասխանում երկու երկրների միջև գոյություն ունեցող համաձայնությամբ սահմանված քանակին,- չորեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:

Նա իսրայելական կողմի պաշտոնյաներից առաջինն էր, որ հրապարակայնորեն խոստովանեց այս հարցում Եգիպտոսի հետ անհամաձայնությունների գոյությունը, որը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, 1973-ի պատերազմից հետո առաջին անգամ է զրահատեխնիկա, օդային և ծայրահեղական խմբերի դեմ պայքարի համար նախատեսված հրետանային կայանքներ մտցնում Սինայի տարածք:

Եգիպտական զորքերի ներկայությունը Սինայում կանոնակարգվել է 1979 թ. ձեռք բերված քեմփդևիդյան խաղաղության համաձայնագրով:

Այս շաբաթ ավելի վաղ Maariv թերթը գրել էր, որ Իսրայելը Եգիպտոսից պահանջել է դուրս բերել տանկերը Սինայից:

Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բաժնի ղեկավար Ամոս Գիլադը Kol Israel ռադիոկայանի եթերում պատմել է, որ իսրայելցի զինվորականները վիճելի հարցերի կարգավորման նպատակով մշտապես կապի մեջ են իրենց եգիպտացի գործընկերների հետ:

Գործողությունը Սինայում եգիպտացիները սկսել են այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին զինյալները հարձակվել են սահմանային պահակակետի վրա և սպանել 16 զինվորի:

Տեսանյութեր

Լրահոս