Ցորենի ցանքերն ավելացել են
Հացահատիկի բերքահավաքը շարունակվում է: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Ըստ Ս. Գալստյանի, գյուղատնտեսական բոլոր ոլորտներում ընթանում են տարբեր մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներ: Նախորդ տարվա համեմատությամբ, ցորենի սերմաբուծության և սերմնարտադրության՝ կառավարության 2010-2014թ. ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում առաջին անգամ ցանքատարածությունների նվազումը կանգ առավ, և անցյալ տարվա աշնանացանով ֆիքսվեց 18500 հա աշնանացան ցորենի ցանքերի ավելացում: «Դա պայմանավորված էր ներդրված էլիտային սերմացուի և նրա առաջին վերարտադրությունը գյուղացիական տնտեսություններում բաժանելու պայմանով: Այսօրվա դրությամբ` ցորենի բերքահավաքի 72-73 տոկոսը ընթացել է: Օպերատիվ տվյալներով, հավաքված է 165-170 հազար տոննա ցորենի բերք»,- ասում է գյուղատնտեսության փոխնախարարը: Ըստ Ս. Գալստյանի` ընթանում են նաև աշնանացան և գարնանացան գարու ցանքատարածությունների բերքահավաքի աշխատանքները: «65400 հա աշնանացան և գարնանացան գարու ցանքատարածություններից բերքահավաք է կատարվել 39.8տոկոսով, և այսօրվա դրությամբ հավաքվել է բերք՝ 90.000 տոննայի սահմաններում»: