
Շոկ լինի` կլանենք

«Հայաստանում վերջին ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվություն, ինչը արձանագրում է այդ ցուցանիշի 7,7% աճը, սակայն, միևնույն ժամանակ, խնդրում եմ՝ չշփոթել այն տնտեսական աճի հետ: Այդ ցուցանիշը ցույց է տալիս, թե մեր տնտեսվարող սուբյեկտները ինչ տնտեսական ակտիվություն են ցուցաբերել ըստ ոլորտների»,- նշեց Արամյանը: Ըստ նախարարի տեղակալի, կարևոր է, թե ինչ որակական փոփոխություններ են իրականացվել տնտեսության ճյուղերում: Մասնավորապես, արդյունաբերությունն արձանագրել է 14,4% աճ, որից 8,1 տոկոսային կետը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը: Վ.Արամյանը անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 8% աճին՝ ավելացնելով, սակայն, որ, որպես այդպիսին, գյուղատնտեսությունում պերմանենտ աճը 3-4% է կազմում: Խոսելով արտահանման և ներմուծման ցուցանիշներից, նախարարի տեղակալը նշեց, որ եթե ապրանքաշրջանառության ցուցանիշում 2008 թվականին արտահանման տեսակարար կշիռը ընդհանուր ՀՆԱ-ի ցուցանիշում կազմում էր 15%, ապա այսօր արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 24%: «Մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն: Դա նշանակում է, որ մեր տնտեսությունն ավելի կարող է կլանելու արտաքին շոկերը՝ ի համեմատ մինչճգնաժամային կառուցվածքի»,-ասել է փոխնախարարը: