Քոբուլեթիի մոտ վթարից վիրավոր հայերին ԱԻՆ օգնությամբ տեղափոխում են Երևան

Օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացի Ա. Գասպարյանից ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են վերջինիս հարազատները: Քաղաքացին ցանկանում էր տեղեկություն ստանալ իր հարազատների մասին, և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվում ավտոմեքենայի վարորդի հետ:

Պարզվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել:

Պատահարի հետևանքով ուղևորներ 1981 թ. ծնված Լիլյա և 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:

Վրաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը  հաղորդեց, որ 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանը գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում, 1981 թ. ծնված Լիլյա Մովսիսյանը` Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:

Օգոստոսի 21-ի երեկոյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Վրաստանի տարածքում տուժած մեր հայրենակիցներին Երևան տեղափոխելու համար օգնություն է անհրաժեշտ:

Օգոստոսի 22-ին, ժամը 04.45-ին տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով Վրաստանի Հանրապետություն է մեկնել ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետ փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը` ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով:

Ժամը 10.30-ին Աթոյանը Թբիլիսիից տեղեկացրեց, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշել են երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել:

ԱԻՆ շտապօգնության ավտոմեքենան արդեն մեկնել է Քութայիսի, և այսօր Լիլյա Մովսիսյանը կտեղափոխվի Երևան:

Տեսանյութեր

Լրահոս