«Իշխանությունը հաշվի չի առել մեր քառամյա փորձը»,-ասում է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը
«Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) երևանյան գրասենյակից դեռևս որևէ արձագանք չկա, բայց, իհարկե, ակնկալում ենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամ Արեգ Գևորգյանը: «Մենք կարծում ենք, որ եվրոպական ընտանիքը, որը որդեգրել է մարդու իրավունքների միջազգային պաշտպանի դերը, պետք է հետևողական լինի ու չլռի, երբ ՀՀ-ում իրենց քաղաքական հայացքների համար կարող են դատապարտվել ընդդիմադիր երիտասարդներ: Այս առումով, իհարկե, մենք սպասում ենք, որ Եվրոպան և, ընդհանրապես, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն և հետևեն Հայաստանում տիրող իրավիճակին»: Արեգ Գևորգյանը նշեց, որ ինքն անձամբ է ԵԽ ԽՎ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնել նախաձեռնության նամակը, որտեղ կոչ է արվում աջակցել դատապարտված 4 ակտիվիստների արդարացմանը, սակայն դրան որևէ պատասխան դեռևս չի եղել, և նրան չեն ասել, թե երբ կպատասխանեն նամակին:
«Ամեն դեպքում, գործի արդար լուծման վերաբերյալ մենք շատ քիչ ակնկալիք ունենք եվրոպական կառույցներից: Վերջին հաշվով, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում որևէ խնդրի լուծման բանալին հենց Հայաստանի քաղաքացիների ձեռքում է: Մենք շատ ենք տեսել, թե ինչպես են տարբեր եվրոպական կառույցներ ոչ հետևողական լինում և շատ հաճախ դավաճանում են իրենց որդեգրած սկզբունքներին` գերադասելով այլ շահեր, և չեն արձագանքում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Այս առումով` մենք, իհարկե, գտնում ենք, որ մեր պահանջների կատարման, ընդհանրապես, Հայաստանում արդարության վերականգնման առաջին ջատագովը պետք է ՀՀ քաղաքացին լինի»,- ասում է նա:
Մեր հարցին, թե բացի ԵԽ ԽՎ-ից, նախաձեռնությունը եվրոպական ո՞ր կառույցներին պետք է դիմի ակտիվիստների դատապարտման գործով, նա պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ` մենք նամակներ կբաժանենք Հայաստանում գործող տարբեր դեսպանատներին և այդկերպ կփորձենք ապահովել այս գործի միջազգային հնչեղությունը, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, թե Հայաստանում իրականում ինչ է կատարվում»:
Նաև տեղեկացրեց, որ իրենք ակտիվիստների դատապարտման գործով արդեն բողոքով դիմել են վերաքննիչ դատարան:
«Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է բողոքի դիմումը, և մոտակա օրերին կնշանակվի դատական նիստը, որտեղ մենք արդեն փաստաբանների և մեր վկայությունների, փաստաթղթերի և ներկայացվող տարբեր ապացույցների միջոցով ցույց կտանք այս ամբողջ սարքված գործի խղճուկ լինելը: Բոլորի համար պարզ է, որ սա հարված էր միանգամից երկու ուղղությամբ. այսինքն՝ հարվածելով ՀԱԿ-ի ակտիվ երիտասարդներին, նրանք հարվածում են նաև քաղաքացիական ակտիվություն դրսևորող տարբեր նախաձեռնություններին: Նույն ՀԱԿ-ի երիտասարդները միշտ աչքի են ընկել քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում իրենց ակտիվությամբ, այս առումով՝ իշխանություններն, իհարկե, փորձ են կատարում զսպել այս հասարակական ակտիվությունն ու ճնշումը տարբեր հարցերով` բավական մեծ հնչեղություն ստացած «Հարսնաքարի» գործով և այլ բազմաթիվ հարցերով: Սա կարելի է դիտարկել՝ որպես ևս մեկ խոչընդոտ այն ուժերի դիմաց, որոնք պայքարում են Հայաստանում օրինականություն ստեղծելու համար: Այսինքն` իշխանությունները ստեղծում են ևս մեկ խնդիր, որն անխուսափելիորեն մենք պետք է գնանք լուծելու մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության խնդիրն առաջ բերելը: Սակայն այդ խոչընդոտները ստեղծելով` իշխանությունը հաշվի չի առել մեր 4-ամյա փորձը, հաշվի չի առել այն, որ այս մեթոդն արդեն բազմիցս օգտագործվել է, և, անկախ նրանից` Հայաստանում կլինե՞ն քաղբանտարկյալներ, այդ քաղբանտարկյալները կլինենք մենք կամ մեր ընկերները, մենք չենք դադարելու պայքարել Հայաստանում վերջապես օրինական իշխանություն ստեղծելու համար: Կարևոր չէ, մենք կլինենք ազատության մե՞ջ, թե՞ բանտում: Մեր ընկերների ազատության համար պայքարն ինքնըստինքյան արդեն պայքար է Հայաստանում օրինական իշխանություն ձևավորելու համար»:
Հիշեցնենք, որ Արեգ Գևորգյանն այն 7 ակտիվիստների (Տիգրան Առաքելյան, Սարգիս Գևորգյան, Արեգ Գևորգյան, Արտակ Կարապետյան, Սահակ Մուրադյան, Դավիթ Քիրամիջյան և Վահագն Գևորգյան) թվում էր, ում բերման էին ենթարկել 2011թ. Երևանի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, և մեկը՝ այն երեք հոգուց (Արեգ Գևորգյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գևորգյան), ում գործը կարճվեց: Ս.թ. հուլիսին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մոտակայքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին 2 տարի ժամկետով: