Հետաքննություն` Facebook-ի էջում տեղադրված լուսանկարի պատճառով
Ավստրիայի իշխանությունները հետաքննություն են սկսել աջակողմյան ուղղվածություն ունեցող կուսակցություններից մեկի «Ազատություն կուսակցութան» առաջնորդ Հայնց-Քրիստիան Շտրահեի նկատմամբ, ով մեղադրվում է հակսեմիթիզմի մեջ: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, քաղաքական գործչի հակառակորդների տեղեկություններով, անցած հանգստյան օրերին նրա Facebook-ի անձնական էջում հայտնվել է մի ծաղրանկար, որում պատկերված է բնութագրական քթով գեր բանկիր` Դավթի աստղի կերպարով: Ինքը` քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ ծաղրանկարը հակասեմիթական ուղղվածություն չունի: Մասնավորապես, նա ասել է, որ ծաղրանկարի վրա որևէ վեցանկյուն աստղ պատկերված չի եղել: Առայժմ կողմերից որևէ մեկի հայտարարության իսկությունը չի հաջողվել պարզել, քանի որ ծաղրանկարը հեռացվել է համացանցից: Առաջիկա օրերին տեղական դատախազությունը պետք է պարզի` կարելի է արդյոք մարդուն մեղադրել հակասեմիթիզմի մեջ համացանցի անձնական էջում տեղադրված լուսանկարի պատճառով, թե ոչ: Եթե դատախազությունը դրական որոշում կայացնի, Հայնց-Քրիստիան Շտրահեի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել: