Կապանի հ/կ-ները` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակ գործելաոճի դեմ

Այսօր Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում անդրադարձել են երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)` Գեղիով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարին, որի  հետևանքով՝ թափուկատարի ջրերը լցվել են քաղաքի կենտրոնով անցնող Ողջի գետը:  «ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով (Ողջի գետում ավելի քան 12ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող հ/կ-ները կազմակերպեցին քննարկում, որի նպատակն էր՝ Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ: Սակայն Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով՝ առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի հ/կ-ները հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:

Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ»,- նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

«Կայուն զարգացում» հ/կ նախագահ` Արմեն Փարսադանյան
«Ազատամարտ» կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ Սյունիքի մասնաճյուղի նախագահ` Արշավիր Խալափյան
«Կապանի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի» համակարգող` Աշոտ Ավագյան
«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան

«Առաքելություն Հայաստան» բհ/կ Կապանի մասնաճյուղի պատասխանատու` Լյովա Պողոսյան

Տեսանյութեր

Լրահոս