Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահին
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, անցած տարվանից անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք, այս տարվա մայիսին Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։
Այն, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ներման խնդրագիր է գրել, «Ազատության» թղթակցի հետ զրույցում չի բացառել նաեւ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը՝ նշելով, որ դրա իրավունքը Օհանյանը ուներ։
«Այո, չեմ բացառում, որ կարող է գրած լիներ, քանի որ դեռ չեմ այցելել նրան։ Ես ուղղակի մի քանի շաբաթ չեմ տեսել Մարգար Օհանյանին։ Միգուցե ներման խնդրագիր գրել է, քանի որ դա իր բացարձակ իրավունքն է։ Կարող է դատապարտյալը ներման խնդրագիր գրի առանց իր փաստաբանի կամ որեւէ իրավաբանի օգնության», – նշել է փաստաբանը։
Պատասխանելով «Ազատության» թղթակցի այն հարցին, թե արդյոք նախագահին ներման խնդրագիր գրելը նշանակում է, որ Մարգար Օհանյանը ընդունում է իր մեղքը, որ Ճանապարհային ոստիկանության պետ աշխատելու տարիներին խոշոր չափի բենզին է յուրացրել, փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասել է, թե արդեն իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը չբողոքարկելը ցույց է տալիս, որ մարդն իր մեղքը ընդունում է։
«Ազատության» թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Մարգար Օհանյանը ողջ դատավարության ընթացքում պնդում, որ ինքը որեւէ կապ չունի բենզինի յուրացման գործի հետ, ավելին՝ նա պնդում էր, որ այդ գործը իր դեմ սարքվել է այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, փաստաբանն ասել է, թե դատարանում հնչեցված իր վերջին խոսքում Մարգար Օհանյանն ամեն ինչ ասել է եւ ինքը ավելացնելու բան չունի։
Հիշեցնենք՝ իր վերջին խոսքում Օհանյանն ասել էր, որ որպես պետական մտածողության տեր մարդ ընդունում է իր մեղավորությունը պետության առջեւ։
Պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե որքանով է հավանական, որ երկրի նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբանն ասել է, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։ Նա 30 տարի ծառայել է Ոստիկանության համակարգում, եղել է ոստիկանության գնդապետ։ Եվ հետո՝ նա ամբողջությամբ վերականգնել է խոշոր չափի յուրացման հետեւանքով պետությանը պատճառված վնասը, որն, ի դեպ, կազմում էր մոտ կես միլիոն դոլար։
«Այնպես որ, իմ կարծիքով, չկա որեւէ պատճառ, որ ներման խնդրագիրը չբավարարվի», – ասել է փաստաբանը։