«Իմ հայտարարությունը հերիք ա, որ մարդիկ կողմնորոշվեն»
– Օրեր առաջ աշխատանքային այցով Սիսիանում էիք, և արդեն խոսակցություններ կան, որ Դուք պաշտպանելու եք Սիսիանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աղասի Հակոբջանյանի թեկնածությունը: Ճի՞շտ են այդ խոսակցությունները:
– Դե հելը տեսնենք, էլի, թող օրը գա, կասեմ:
– Սիսիանի բնակիչների փոխանցմամբ` այս տարվա մայիսի սկզբին խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության շտաբի նիստում Դուք հայտարարել էիք, թե ամեն ինչ անելու եք, որ Սիսիանն ազատեք Ա. Հակոբջանյանից, նույնիսկ անձնական հայհոյանք էիք ուղղել վերջինիս հասցեին: Հիմա ինչո՞վ է պայմանավորված Ձեր աջակցությունը նրան:
– Էդ ո՞վ ա քեզ տենց բան ասել, էդ որտեղի՞ց քեզ էդ ինֆորմացիան, խնդրում եմ` հելը էդ մեկը ճշտենք, որ ի՞նչ շանտաժ ես անում:
-Բնակիչների ասելով` այդ նիստին ներկա կուսակցության 20 անդամները կարող են փաստել դա: Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին` շրջելով Սիսիանի գյուղական համայնքներում, ինքներդ եք հայտարարել այդ մասին:
– Չի կարող էդպիսի բան լինի, որ ես տենց բարձրաձայն, անպատասխանատու բաներ խոսեմ, ուրեմն` եթե չես ուզում հարցերիդ պատասխանեմ, անպատասխանատու հայտարարություններ մի արա:
– Այսինքն` հերքո՞ւմ եք, որ Ձեր և Ա. Հակոբջանյանի միջև թշնամական մթնոլորտ էր ստեղծվել:
– Մեր միջև ոչ մի թշնամական մթնոլորտ չի եղել: Ասեմ` իմանաս, որ չի էլ կարող լինի:
– Ինչո՞ւ: Նրա աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
– Ինքը` որպես քաղաքապետ, ես նայում եմ նրան որպես քաղաքապետի, իրա քաղաքական գործունեությունն ինձ էդքան էլ չի վերաբերում, ես իրան տեսնում եմ՝ որպես քաղաքապետ: Իսկ որպես քաղաքապետ` նա կատարում ա իրա պարտականությունները: Նա համագործակցում է մարզպետարանի և մարզպետի հետ ցանկացած հարցում:
– Փաստորեն, Դուք՝ լինելով Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, պաշտպանելու եք ԲՀԿ-ի թեկնածուին: Իսկ դա ինչո՞վ է պայմանավորված:
– Օրը կգա՝ կտեսնենք:
– Իսկ Կապանի քաղաքապետի ընտրություններում Դուք աջակցելո՞ւ եք ՀՀԿ-ական թեկնածուին` Աշոտ Հայրապետյանին:
– Այո:
– Իսկ ինչպե՞ս է դրսևորվելու Ձեր աջակցությունը:
– Իմ հայտարարությունը, կարծում եմ, թե հերիք ա, որ մարդիկ կողմնորոշվեն:
– Այսինքն` Ձեր խոսքն այդքան կշի՞ռ ունի մարզում:
– Այո՛:
– Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը 168.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ճիշտ չէ ընտրվել:
– Դա ինքը չի որոշում` ճի՞շտ է ընտրվել, թե՞ սխալ: Հանրապետական կուսակցության տարածքային կառույցն է որոշում, և խորհրդի մոտավորապես 40 հոգին քվեարկել են Աշոտ Հայրապետյանի օգտին:
– Բայց հենց այդ նույն նիստին միանշանակ կերպով չի ընդունվել Ա. Հայրապետյանի թեկնածությունը:
– Ես քեզ ասում եմ, հայերեն լեզվով երևի, բացատրում եմ, որ բոլոր մասնակիցները միաձայն քվեարկել են նրա օգտին, և բոլորն իրենց համաձայնությունն են տվել:
– Իսկ ինքներդ ի՞նչ մասնակցություն եք ունենալու ՏԻՄ ընտրություններին:
– Ես շատ լուրջ մասնակցություն եմ ունենալու, որպեսզի կարգ ու կանոն լինի. կարգապահությունը պահպանվի, լարվածություն չլինի, և ընտրություններն անցնեն նորմալ մրցակցության պայմաններում, ապահովենք թափանցիկ, ազնիվ ընտրություններ, ինչպես ապահովեցինք Ազգային ժողովի ընտրություններին: