Արգենտինան պատրաստվում է ընտրելու իրավունք շնորհել ներգաղթյալներին

Արգենտինայի կառավարությունը վերանայում է այն հարցը, թե ինչ է նշանակում քաղաքացի լինել` առաջարկելով արմատական փոփոխություններ մտցնել, որոնք հնարավորություն կտան մշտական բնակության 2 տարվա թույլտվություն ունեցող ներգաղթյալներին և 16 տարեկան անձանց մասնակցել երկրի ղեկավարի ընտրությանը:

Ինչպես նշում է The Guardian-ը` Արգենտինայի օրենսդիրները գտնում են, որ ընտրելու իրավունքի հարցում առաջարկված փոփոխություններն էապես կխթանեն ժողովրդավարության զարգացումը: Սակայն օրինագծի ընդդիմադիրները վստահ են, որ դա պարզապես «խղճուկ փորձ է» 10 տարուց ավելի ղեկավարող կառավարության կողմից երկարացնել իր իշխանությունը:

Եթե օրինագիծը հավանության արժանանա երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի աջակիցների կողմից վերահսկվող Կոնգրեսում, ապա դա  Արգենտինայի ընտրազանգվածը կընդլայնի 3 միլիոնով: Առաջարկված փոփոխություններն արդեն մեծ ոգևորությամբ են ընդունվել երկրում բնակվող ներգաղթյալների շրջանում:

«Սա անչափ կարևոր որոշում է, քանի որ Արգենտինայում բավական շատ են օտարերկրացիները: Թեև ես պարագվայցի եմ, սակայն 20 տարուց ավելի բնակվում եմ Բուենոս Այրեսում և սիրում եմ այս երկիրը: Ուստի բնական եմ համարում նախագահի ընտրության հարցում իմ և մյուս ներգաղթյալների մասնակցությունը»,- նշել է 48-ամյա Կարեն Գոնսալեսը:

Իսկ ինչ վերաբերում է 16 տարեկան անձանց ընտրելու իրավունք տալուն , ապա կարծիքներն այստեղ հակասական են: Ոմանք գտնում են, որ այդ տարիքում երիտասարդները դեռ ի վիճակի չեն նման լուրջ հարցում ճիշտ ընտրություն կատարել: Մյուսներն էլ հակված են այն կարծիքին, որ Արգենտինայի այժմյան երիտասարդությունը բավական հասուն է և պատրաստ է 16 տարեկանում ընտրելու իրավունք ստանալուն:

Տեսանյութեր

Լրահոս