ԱՄՆ նախագահը քննարկում է Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը
Միացյալ Նահանգները կդիտարկի սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության հարցը, եթե Բաշար Ասադի վարչակարգը քիմիական կամ կենսաբանական զենք կիրառի: Այսպիսի հայտարարությամբ, ինչպես հայտնում է Reuters-ը, օգոստոսի 20-ին հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահը կոնֆլիկտից հետո առաջին անգամ է անվանել այն պայմանները, որոնց դեպքում երկիրը պատրաստ կլինի քննարկելու ռազմական օպերացիայի հարցը:
Ամերիկայի նախագահը նախազգուշացրել է, որ նման քայլի դիմելու համար պատճառ կարող է դառնալ ոչ միայն քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը, այլև նմանատիպ զինատեսակների տեղափոխումը, որոնք կվկայեն դրանց կիրառման նախապատրաստման մասին:
Օբաման նաև նկատել է, որ ԱՄՆ-ը չի կարող թույլատրել, որ սիրիական քիմիական կամ կենսաբանական զենքը «հայտնվի սխալ ձեռքերում»: Ներկայում, ըստ նրա, լիակատար վստահություն չկա, որ այդ զինատեսակները խստորեն պահպանվում են: Նման մտավախություն, ըստ նրա, ունեն նաև ԱՄՆ-ի դաշնակիցները տարածաշրջանում, այդ թվում` Իսրայելը։
Սիրիայի իշխանությունները հուլիսին առաջին անգամ խոստովանեցին, որ ունեն քիմիական և կենսաբանական զենք ու այն կկիրառեն, եթե օտարերկրյա պետությունները ռազմական միջամտություն իրականացնեն իրենց երկրի գործերին: