«Արմավիան» չի կարող բողոքել մեր ինքնաթիռից
«Իրենց մամլո հաղորդագրության մեջ էլ նշված էր, որ իրենք գոհ են մեզանից ձեռք բերված ինքնաթիռից»,- 168.am-ին ասել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ սուտ են ասում, երբ հայտարարում են, որ ինքնաթիռը վատն էր և մեկ տարի անց չի կարող շահագործվել:
168.am-ի այն հարցին, թե ինչու է «Sukhoi SuperJet-100» ինքնաթիռը մեկ տարի շահագործումից հետո խափանվել, ինչպես հայտարարում էր «Արմավիան», և որքան է նրա շահագործման ժամկետը՝ եթե պահպանվում են նրա օգտագործման տեխնիկական կանոնները, ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Մուրավյովը պատասխանեց. ««Sukhoi SuperJet-100» («SSJ-100») ինքնաթիռի աշխատանքը բաղկացած է 9 պարբերաշրջանից: Հիմնականում այն աշխատում է 9000 ժամ, և երբ «Արմավիան» ձեռք բերեց մեզանից, մոտ կես տարի նրա տեխնիկական սպասարկումն իրականացվում էր անվճար: Այնպես որ, «Արմավիան» չի կարող բողոքել մեր ինքնաթիռից: Իրենց մամլո հաղորդագրության մեջ էլ նշված էր, որ իրենք գոհ են մեզանից ձեռք բերված ինքնաթիռից: Մեկ այլ հարց է, երբ խոսքը վերաբերում է ինքնաթիռի տարբեր պահեստամասերին, որոնք թանկ են, քանի որ մեր ինքնաթիռների պահեստամասերը բերվում են Ֆրանկֆուրտից: Հնարավոր է՝ որևէ մաս ձեռք բերելու համար նրանց ֆինանսական միջոցները թույլ չեն տվել, սակայն ասել, որ ինքնաթիռը վատն էր և մեկ տարի անց չի կարող շահագործվել՝ սուտ է»: