ԱՀԱԶԱՆԳ. Գեղիով անցնող պոչատարի խողովակաշարում վթար է տեղի ունեցել

Այսօր վաղ առավոտյան ` ժամը 06:00-ի սահմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊ ՄԿ) պատկանող և Գեղի գյուղի մոտով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապան քաղաքի կենտրոնով հոսող Ողջի գետը:  Բնակիչների փոխանցմամբ` քաղաքում սուր հոտ է տարածվել, որը նաև խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Կապանի «Կայուն զարգացում» հ/կ  նախագահ Արմեն Փարսադանյանը 168.am-ի հետ զրույցում խոսեց  վթարի հետևանքով  առաջացող հնարավոր ռիսկերի մասին, որոնցից  մեկն այն է, որ կոնցենտրատը չորանալուց հետո` փոշու ձևով կարող է տարածվել քաղաքի օդային ավազանում: Իսկ դրա հետևանքով՝ բնակիչների մոտ կառաջանան գլխացավեր և գլխապտույտ:

Այս առնչությամբ 168.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԶՊՄԿ-ի Բնապահպանության վարչության պետ Մարտուն Հարությունյանից: Վերջինս, սակայն,  նշեց, որ ինքը չի կարող որևէ հարցի պատասխանել, քանի որ իրենց ընկերությունում կա ընդունված կարգ, ըստ որի` ցանկացած հարցի դեպքում պետք է դիմել ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Միայն տնօրենի թույլտվությունը ստանալուց հետո ընկերության մասնագետները կարող են պատասխանել լրագրողների հարցերին: Մ. Հարությունյանը, սակայն, նշեց, որ վթարը տևել է 10 րոպե, կատարվել են մաքրման աշխատանքներ, որևէ վտանգ չկա, և պարզապես փոխվել է գետի գույնը:

Լուսանկարները վերցվել են «Էկոլուրի» կայքից

 

Տեսանյութեր

Լրահոս