Մինչև Գագիկ Ծառուկյանը չգա, ես որևէ բան ասել չեմ կարող. Մասիսի քաղաքապետ
Մասիսի գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանի հետ զրուցելու համար 168.am-ի թղթակիցը Մասիս էր այցելել` զրուցելու քաղաքապետի պաշտոնի համար առաջիկա ընտրությունների շուրջ, սակայն, վերջինս նշեց, որ ինքը կարող է մեր հարցերին պատասխանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցից հետո միայն: «Գիտեք, որ մենք ԲՀԿ-ական երեք թեկնածու ենք: Մինչև Գագիկ Ծառուկյանը չգա, ես որևէ բան ասել չեմ կարող: Ծառուկյանը կգա, այն ժամանակ կզրուցենք»,- ասաց Դ. Նազարյանը:
Հիշեցնենք, որ Մասիսում սեպտեմբերի 9-ին և 23-ին սպասվող տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրված է չորս թեկնածու. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից` Սաշա Հակոբյանը:
ԲՀԿ-ական երեք թեկնածուներն էլ, Մասիսի թիվ 16 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանի հավաստմամբ, առաջադրված են կուսակցության կողմից: «Երեք թեկնածուներն էլ կուսակցության որոշումով են առաջադրվել: Ոչ թե ինքնառաջադրվել են, այլ կուսակցության որոշումով են առաջադրվել»,- ասաց նա:
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, սակայն, հերքեց վերոգրյալը. «Կուսակցությունն ինքը կտեղեկացնի որոշումների մասին: Մեր լրատվական ծառայությունն անընդմեջ աշխատում է, ու հարմար պահին մենք ձեզ կտեղեկացնենք»: