Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է StartUp Cup բիզնես-մոդելի մրցույթը
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է StartUp Cup բիզնես-մոդելի մրցույթը, որի նպատակն է՝ նոր աշխատատեղերի ստեղծումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին մրցույթի կազմակերպիչները: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն տեղի շուկայի փորձառու մասնագետները: Մրցույթի կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ հնարավորություն է Հայաստանի ձեռներեցների համայնքի համար: «Ամենակարևորն այն է, որ սա ձեռներեցական միջավայր ձևավորելու փորձված և գործուն մոդել է: Ավելին, նախագծի առավելությունը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Ստարտափների առաջնությունների կազմակերպիչների հետ կապ հաստատելու հնարավորությունն է»,- ասաց Հ. Ասրիյանցը:
Նշենք, որ StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով: Բիզնես կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու այս գործուն մոդելը կարող է կրկնօրինակվել ցանկացած համայնքում, այդ թվում՝ Հայաստանում:
Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանն աջակցում են նաև Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը:
Մրցութային նախագծերը կարելի է ուղարկել armenia.startupcup.com կայքից՝ մինչև սեպտեմբերի 7-ը, ժամը 23:59-ը: