Դիանա Սիրունյանի համար հրավիրված կոնսիլիումն ավարտվել է
Քիչ առաջ 168.am-ը Դիանա Սիրունյանի առողջական վիճակի մասին որոշ տեղեկություններ ստացավ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանից: Նրա փոխանցմամբ` ժամը 16:00-ին Դ. Սիրունյանի առողջական վիճակի համար տեղի ունեցած կոնսիլիումն ավարտվել է, որը տևել է 1,5 ժամ: Կոնսիլիումին մասնակցում էին առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները: «Համեմատության մեջ ունենք վիճակի որոշակի ծանրացում: Տվյալները նույնն են, այս պահին ակտիվ որևէ բան անել չի կարելի: Ըստ կոնսիլիումի տվյալների` արյուն է ներարկվում, պլանավորում ենք փշրված ոսկորների ֆիքսացիա և, հավանաբար, կարվի տրախեոտոմիա (շնչափողահատում): Կասկած կա, որ ճարպային էմֆորիա է զարգանում, ուղեղի վիճակը շատ վատ է, կան կոնքի ոսկրերի կոտրվածքներ, դեմքի ոսկրերն են փշրված, մի խոսքով` շատ խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն, բայց այսօրվա վիճակով որևէ ակտիվ բան կիրառել չի կարելի»,- ասաց Հ. Դարբինյանը: Նրա փոխանցմամբ` Դ. Սիրունյանին արհեստական շնչառություն է տրվել, ինչը, սակայն, երկար չի կարելի պահել, քանի որ այն կարող է շնչառական տրավմա առաջացնել: Դիանայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: