Բաժիններ՝

Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը լուծարվել է

Օգոստոսի 18-ին ուժի մեջ մտավ Երևանի «Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին որոշումը: Ըստ այդմ, «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացվում է «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Վերջինը կհանդիսանա Ա. Մռավյանի անվան դպրոցի իրավահաջորդը: Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են N 81 դպրոցի միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է slaq.am-ը:

Որոշման մեկ այլ կետով Երևանի քաղաքապետին, մասնավորապես, առաջարկվում է ապահովել N 81 միջնակարգ դպրոցում Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոցի հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: Պետք է ապահովվեն նաև N 25 դպրոցի գործունեության դադարման պետական գրանցումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Կառավարության հուլիսի 26-ի նիստում, երբ ընդունվում էր այս որոշումը, նշվել էր, որ ՀՀ կառավարության 2012 թ.-ի մայիսի 10-ի որոշմամբ Երևան քաղաքի Զաքիյան փողոցի 2 հասցեում գտնվող Ա. Մռավյանի անվան դպրոցի շենքը` 14.919 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ու 3261.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ամրացվել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Դպրոցը վերակազմակերպելու մասին որոշումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 74 աշակերտ: ՀՀ կառավարության 2010 թ.-ի մայիսի 6-ի որոշմամբ դպրոցը ձեռք է բերել հիմնական դպրոցի կարգավիճակ, ինչի արդյունքում աշակերտների թիվը զգալիորեն պակասել է և շարունակում է պակասել: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին` որպես հանրակրթական հաստատություն, և այն հիմնովին վերանորոգման կարիք ունի, քանի որ շենքային պայմաններն անմխիթար վիճակում են:

Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցը գործում է Թաիրովի 14 հասցեում: Շենքը կառուցվել է 1931 թ.-ին (862.8 քառ. մետր): Հաստատություն հաճախում է 72 աշակերտ:

Դպրոցների միացման դեպքում 2012-2013թթ.-ի ուսումնական տարում Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցի աշակերտները և մանկավարժական համակազմը կտեղափոխվեն թիվ 81 միջնակարգ դպրոց: Արդյունքում` թիվ 81 դպրոցի սովորողների թիվը կկազմի 146:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս