Կալիֆորնիայի հյուսիսից բնակչությանը տարհանում են հրդեհների պատճառով
Հրդեհների պատճառով ԱՄՆ-ի իշխանությունները երկրի Կալիֆորնիա նահանգի հյուսիսային մասի հազարավոր բնակիչների կոչ են արել էվակուացվել:
Կրակն արդեն ոչնչացրել է 4 բնակելի տուն և, հրշեջների տվյալներով, ընդգրկել է մոտ 50 քառակուսի կմ տարածք: Նրանց խոսքով` հրդեհը կարող է սպառնալ 3 500 տնային տնտեսությունների:
Բռնկման պատճառն առայժմ պաշտոնապես չի հաղորդվում,- հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում էին ավելի վաղ` հրդեհները մոլեգնում են արևմտյան և արևելյան նահանգներում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆորնիա և Նևադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառով: Ներկայումս այդ նահանգներում հրդեհի մարմամբ զբաղված են 900 հրշեջներ և կամավորներ:
Ամենադժվար իրավիճակը Վաշինգտոն նահանգում է, որտեղից էվակուացվել է մոտ 400 բնակիչ: Այնտեղ կրակը այրել է գրեթե 9 000 հա տարածք: