Սպանված զինվորների գործով ցմահ դատապարտված, ապա ազատված անձինք դեռ դատվում են (տեսանյութ)

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ 2012 թ. օգոստոսի 21-ին` ժամը 12:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2003 թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը: Մոտ 4 տարի ընթացող դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ հարցաքննվում են նույն վկաները, սակայն դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:

Նշանակված դատական նիստին դատախազի միջնորդությամբ հարցաքննվելու են նոր վկաներ:

Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում N զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից եւ այլեւս չեն վերադառնում: 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները: 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին եւ դատապարտում 15 տարի ազատազրկման: Հօգուտ տուժողի իրավահաջորդների բռնագանձվում է 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության եւ մնացած ծախսերի հատուցման գումար:

Ապա Վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտում մեղավոր 3 անձանց:

Իսկ 2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվում է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին):

Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվում է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ.-ի վերջից սկսվել է նոր դատաքննություն:

Նյութի սկզբի տեսանյութում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնում է սպանված տղայի` Հովսեփ Մկրտումյանի հոր պատմածը տղայի սպանության մասին:

Տեսանյութեր

Լրահոս