Դիանա Սիրունյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Քիչ առաջ 168.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից փորձեց որոշ տեղեկատվություն ստանալ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Դիանա Սիրունյանի առողջական վիճակի մասին:
ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ՝ Դ. Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Կատարվել է համակարգչային սոնոգրաֆիկ հետազոտություն որովայնի շրջանում , կրծքավանդակի: Որովայնի շրջանում արտառոց բան չի հայտնաբերվել, կրծքավանդակում երկկողմանի պնևմոհեմոտորատ և թոքերի ծանր սալջարդ: Կատարվել է դրենաժավորում, որը նորմալ գործում է: Դեմքը եղել է ջնջխված վիճակում, բազմաթիվ բեկորային կոտրվածքներով, գլխուղեղի հետազոտության ժամանակ հայտնաբերվել է ծանր սալջարդ և արյունազեղում: Կիրակի օրը նորից կատարվել է համակարգչային հետազոտություն: Դրական փոփոխություններ չկան, գլխուղեղում ավելացել են իշեմիկ զոնաներ: Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- 168.am-ին ասաց Ա. Հայթայանը:
Հիշեցնենք, որ 16-ամյա Դ. Սիրունյանը ինքնասպանության փորձ էր կատարել հոր` Սուրեն Սիրունյանի մահվան բոթը լսելուց հետո. Նա նետվել էր շենքի հինգերորդ հարկից:
Այսօր երեկոյանը ժամը 18:00-ից Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողակարգը: