Բաժիններ՝

Sukhoi Superjet-ը ստիպված վայրէջք է կատարել տագնապի ազդանշանից հետո

Ռուսական Sukhoi Superjet 100-ը հանկարծակի ստիպված է եղել ընդհատել Մոսկվա-Դոնեցկ թռիչքը և վերադառնալ Շերեմետևո օդանավակայան, քանի որ օդի արտահոսքի տվիչները տագնապի ազդանշան են հնչեցրել, հայտնում է «Прайм» գործակալությունը՝ հղում կատարելով «Гражданские самолеты Сухого» ընկերության հայտարարությանը:

«Аэрофлот» ընկերությանը պատկանող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
Sukhoi Superjet 100-ը համարվում է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ամենահավակնոտ նախագիծը քաղաքացիական ավիացիայի ոլորտում, մինչդեռ մասնագետների կողմից որոշակի հոռետեսություն կա նման հավակնությունների հանդեպ:

Մայիսի 9-ին նույն օդանավը իր 2-րդ ցուցադրական չվերթի ժամանակ կործանվել էր՝ դառնալով 4 տասնյակից ավելի մարդկանց մահվան պատճառ:

Նշենք, որ սա նշված ինքնաթիռների տեխնիկական խնդիրների առաջացման միակ դեպքերը չեն: Հենց նման մի պատճառով էլ գրեթե սկանդալային իրավիճակ է ստեղծվել հայկական «Արմավիա» ավիաընկերության և ռուսական ավիարտադրող ընկերության միջև: Մասնավորապես, հայկական ազգային ավիափոխադրողը, որը ռուսական ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել երկու  Sukhoi Superjet 100 ձեռքբերելու մասին և արդեն հասցրել է շահագործել դրանցից մեկը, հրաժարվել է երկրորդը ձեռքբերելուց, քանի որ շահագործվող առաջին ինքնաթիռի մոտ արդեն իսկ տեխնիկական խնդիրներ են առաջացել՝ դեռ շահագործման մեկ տարին չլրացած և այն կանգնել է վերանորոգման:

«Արմավիա»-ն ռուսական ընկերության հետ երկու SSJ -100 օդանավեր ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է 2010 թվականին: Առաջին օդանավն այն ձեռք է բերել 2011-ի գարնանը և պետք է ևս մեկը ձեռք բերեր 2012-ի հունիսին: Սակայն այս շաբաթ հայկական ավիափոխադրողը հայտարարել է, որ հրաժարվում է ձեռք բերել նորոգման կանգնած օդանավը:

«Մենք նպատակահարմար չենք գտնում ձեռք բերել օդանավը, քանի որ մեկ տարվա շահագործման արդյունքում օդանավը վերանորոգման կարիք զգաց»,- երկուշաբթի հայտնել էին «Արմավիա»-ից:

Ի պատասխան, երեքշաբթի ՍՔԻ-ից հայտնել էին, որ հայկական ավիաընկերությունը չի մարել 4 մլն դոլար պարտքը: Նաև ավիափոխադրողին մեղադրեցին նրանում, որ չեն վճարվել օդանավի չերաշխավորված հատվածի նորոգման, պլանային տեխսպասարկման համար: Ռուսական ընկերությունից հայտնել էին նաև, որ օդանավն «Արմավիա»-ն մի քանի անգամ գրավադրել է հայկական բանկերից մեկում` չնշելով, թե որ բանկում:

«Արմավիա»-ն չի հերքել, որ ընկերությունը վարկ է վերցրել հայկական բանկերից մեկից առաջին SSJ-100-ը գնելիս, սակայն չի նշել, թե ինչպես է հայկական ընկերությունը պատրաստվում իրավաբանորեն ձևակերպել օդանավից հրաժարվելը:

Չորեքշաբթի հարցին միջամտեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Առևտրի և արդյունաբերության նախարարությանը հանձնարարեց երկրի ԱԳ նախարարության և Օդանավաշինության միացյալ կորպորացիայի հետ մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության կողմից շահագործման հարցը:

tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս