Հայ դատի հանձնախումբը Օբամայից դեմ առ դեմ հանդիպում է պահանջում
Կառույցի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով` այդ մասին Հայ դատի հանձնախմբի ղեկավարը հատուկ նամակ է հղել Բարաք Օբամային` հիշեցնելով, որ վերջինս հայերի հետ ակտիվ շփումներ ունենալու խոստումներ էր տվել դեռևս չորս տարի առաջ` նախընտրական քարոզարշավի ժամանակ, որոնք, սակայն, մինչ օրս այդպես էլ իրականություն չեն դարձել:
«Հիմա ժամանակ է, որ նստենք կարևոր թեմաների վերաբերյալ խոսենք` լինի Հայաստան, լինի Ջավախք, լինի Հայոց ցեղասպանության հարց, և նայենք, թե ապագան ինչ կբերի»,- ասում է Չուլջյանը:
«Մինչ օրս չկայացած, սակայն անհրաժեշտ այդ հանդիպումը կարող է տեսակետների և կարծիքների փոխանակման հարթակ դառնալ, հնարավորություն տալով Ձեզ լսել ամերիկահայերի մտահոգություններն ու հիասթափությունները, ինչպես նաև ակնկալիքներն ու հույսերը` ապագայի հետ կապված,- Օբամային ուղղված նամակում գրել է Քեն Խաչիկյանը` հավելելով.- Ձեր և ամերիկահայերի միջև ուղիղ երկխոսության բացակայությունը անառողջ միջավայր է ստեղծում թե ամերիկյան ժողովրդավարության, թե դիվանագիտության համար»:
Հանձնախմբի խոսնակը ասում է` եթե Բարաք Օբաման արձագանքի այս նամակին, իրենք պատրաստվում են բարձրացնել ամերիկահայերին և Հայաստանին ամենից շատ հուզող հարցերը. «Ամերիկա-Հայաստան հարաբերությունների հզորացումը թե տնտեսապես, թե քաղաքականորեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումները և ղարաբաղյան հարցի գծով հարցերը… դժբախտաբար, ամերիկահայ գաղութը հիասթափված է իր կեցվածքից, և այս տեսակի դեմ առ դեմ հանդիպումը մի առիթ է, որ կարողանանք այս թեմաների մասին խոսել և տեսնել, թե իր տեսլականը ինչ է, եթե նոյեմբերի ընտրություններին վերընտրվի»:
Օբամային ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նաև փաստել է, որ ամերիկահայերին տված խոստումը չկատարելով` Օբաման միաժամանակ մի շարք հանդիպումներ է ունեցել հայկական համայնքի դիրքորոշմանն ու արժեքներին ակնհայտորեն թշնամաբար տրամադրված տեղական կազմակերպություննի և այլազգի քաղաքական գործիչների հետ:
«Հույս ունենք, որ դուք կնախընտրեք չավարտել Ձեր նախագահության ժամկետը առանց գոնե մեկ պաշտոնական հանդիպում անցկացնելու ամերիկահայ առաջնորդների հետ»,- գրել է Քեն Խաչիկյանը: