ՀԱԿ-ը բողոքի ակցիա անցկացրեց ՀՀ դատախազության շենքի դիմաց

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրին հերթական՝ ամեն ուրբաթ կազմակերպվող բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն անազատության դատապարտված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի:

Ակցիայի մասնակիցները դատախազության շենքի առջև՝ «Ազատությո՛ւն Տիգրանին», «Ազատությո’ւն Դավիթին», «Ազատությունն Արտա՛կն է» պաստառները ձեռքներին պարզած վանկարկում էին՝ ա-զա-տու-թյուն:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին:

2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար նա դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանին առաջադրվեց խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, և նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանին խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկմամբ:

Բողոքի ակցիային ներկա էր նաև ՀԱԿ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ակցիայի նպատակն առաջին հերթին հանրությանն ահազանգելն է:

«Որևէ մեկը, անկախ իր իշխանական, պետական, սոցիալական դիրքից, ապօրինությունից երաշխավորված չէ: Այսօր Հայաստանում շատ են խոսում ազգային համաձայնության մասին, ազգային գաղափարախոսության մասին: Ժամանակակից երկրում ազգային համաձայնությունները և գաղափարախոսությունները տեղավորվում են սահմանադրության և օրինականության շրջանակներում: Երբ հանրության, էական չէ, թե որ հատվածը, հետապնդում և հալածում է մի ուրիշ հատվածի, այդ դեպքում ազգային համաձայնության մասին խոսելն ավելորդ է դառնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ակցիաններն ահազանգ են ուղղված բոլորիս, քանի որ որևէ բան մեր երկրում չի փոխվում և ակցիան հենց այդ իրավիճակը ճեղքելու և որևէ հնար գտնելու փորձ է:

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ այսօր ցանկացած անարդարություն ուղղելու ամենագործուն միջոցը, առաջին հերթին, հասարակական կարծիքին է և այն, որ հասարակությունը կարողանա ստիպել լսելու իր ձայնը:

Ինչպես նախորդ ուրբաթ օրերին, այնպես էլ այսօր, Գլխավոր դատախազությունից արձագանք չեղավ:

Տեսանյութեր

Լրահոս