Տիգրան Կարապետովիչին 8000 ձայն են նվիրել
«Քաղաքական դաշտ վերադառնալու խնդիր չունեմ: Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Կարապետյանը` ի պատասխան հնչած դիտարկմանը, թե քանի որ կարճ ժամանակով բացակայում էիք հանրապետությունից, հույս կա՞, որ կրկին կվերադառնաք քաղաքականություն:
«Իմ կեցվածքը չեմ փոխելու: Ազնիվ ձևով, առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերին ապավինելու, առանց ներսում միավորվելու առաջ եմ ընթանալու: Եվ ես համարում եմ, որ մենք ունենք առաջընթաց: Արարատի մարզում`17-րդ ընտրատարածքում, առանց ինչ-որ մեծ քարոզի և գումարների, ինձ 8000 ձայն են տվել, նվիրել են, կարելի է ասել, քանի որ մեզ մոտ ձայն չեն տալիս, կամ ծախում են կամ էլ նվիրում են: Եթե վերցնենք, որ 41 ընտրատարածք, գումարենք 8000-ով (հավանաբար ցանկանում էր ասել «բազմապատկենք 8000-ով»:- Ա.Ս.), քիչ թիվ չէ»,- այսպիսի տրամաբանությամբ է Տիգրան Կարապետյանը ցանկանում առաջադրվել որպես թեկնածու ՀՀ գալիք նախագահական ընտրություններին:
«Ես համարում եմ, որ այնպես, ինչպես այժմ ընթանում են ընտրությունները, դա տանում է դեպի հայ ժողովրդի կործանում»:
Ըստ նրա` սա արվում է ոչ միայն իշխանության կողմից: «Ես ներողություն եմ խնդրում, թող Աստված ինձ ների, նաև եկեղեցու կողմից: Մարդակեր ցեղերում, երբ իրենց շամանն ասում է, որ չի կարելի մարդ ուտել, նրանք դա չեն անում, իսկ մեզ ոչ ոք չի ասում` չի կարելի փող վերցնել, չի կարելի վաճառել ազգը, արդարությունը, բերել իշխանության անարդարներին, չարերին, բիզնեսմեններին, ովքեր միայն իրենց գրպանի մասին են մտածում: Այս առումով մեր քաղաքականությունն ազնիվ է: Հազար հատ պիտակ են կպցրել ինձ, բայց ոչ մեկը չի կպել, որովհետև կա արդարություն, կա ազնվություն, կա բարեգործություն և հայ ժողովրդի մասին մտահոգություն»,- ասաց Տիգրան Կարապետովիչը: