Արաբկիրում խեղդամահ եղած ուսուցչուհու վերաբերյալ Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել

Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է տվել օրերս Արաբկիր համայնքում մի ուսուցչուհու մահվան կապակցությամբ ոստիկանության ձեռնարկած գործողություններից մամուլում հայտնված դժգոհությունների վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.

«Օգոստոսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում:

Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ  2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչ վերաբերում է մամուլում հնչեցված մեղադրանքին, թե ոստիկանությունը ուշացումով է արձագանքել ահազանգին, ապա նշենք, որ դրա իսկությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»:

Տեսանյութեր

Լրահոս