
Այսուհետ Հայաստանում ապաստան հայցողներին հավանություն պետք է տա ԱԱԾ-ն

Հայաստանում ապաստան հայցողներին այսուհետ համապատասխան կարգավիճակ չի տրվի, եթե նրանք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ ներկայացնեն:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ուղարկեց ԱԺ: Նախագծով կկանխվի Հայաստանում այն անձանց ապաստան ստանալը, ովքեր կարող են մեր երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնել:
Ըստ այդ փոփոխության՝ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն այսուհետ պետք է ապաստան հայցողի կարգավիճակ տրամադրելիս անպայման Ազգային անվտանգության ծառագության եզրակացությունն ստանա:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այս փոփոխությունն ապաստանի մերժման հիմքում ԱԱԾ եզրակացությունը դրված չի եղել, և միայն ապաստան ստանալուց հետո, եթե ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել, դադարեցվել է այդ կարգավիճակը: