Ներքին զորքերի բարձրաստիճան սպան կարող է բողոքարկել դատավճիռը միայն պատժաչափի մասով
Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի ու սպառազինության գծով հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը դեռեւս չի որոշել բողոքարկելու է, արդյոք, իր դեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը, հավելելով, որ բողոքարկման համար ժամանակ կա մինչեւ օգոստոսի 23-ը:
Նշենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած դատավճռով Վ. Մանուկյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Դատավճռով նշանակվել է նաեւ տուգանք մեկուկես մլն. դրամի չափով, եւ նա 2 տարի ժամկետով զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Դատավճռով Վ. Մանուկյանը հանցավոր էր ճանաչվել խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ՝ 3 դրվագով, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ՝ 4 դրվագով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի ռազմամթերքի հափշտակություն կատարելու մեջ՝ 2 դրվագով, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու ու իրացնելու մեջ՝ 3 դրվագով եւ յուրացում կատարելու մեջ՝ մեկ դրվագով:
Ընդհանուր առմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող Վ. Մանուկյանի դեմ գործը ընդհանուր իրավասության հիշյալ դատարանում քննվել է դռնփակ: Ամբաստանյալն ընդունել էր մեղադրանքը եւ գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ նա կարող է բողոքարկել դատավճիռը միայն նշանակված պատժաչափի մասով: