
«Ընդդիմությունը չի կարևորում տեղական իշխանության խնդիրները»

«Տեղական նշանակության խնդիրները, ըստ էության, հանրային տրամադրությունների ձևավորման գործում ունեն առանցքային նշանակություն»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին, ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Այսինքն` ես համոզված եմ, որ որևէ մեկը առավոտյան փողոցով քայլելիս չի մտածում, թե ինչու՞ չի կարգավորվում ղարաբաղյան կոնֆլիկտը, բայց նրա տրամադրությունը խիստ ընկնում է, երբ ջուր չկա, բակը մաքուր չէ և այլն»,- ասաց նա:
Ըստ Խ.Հարությունյանի՝ «կյանքի որակ», «ապրելու պայմաններ» ասելով, հասարակությունն առաջին հերթին նկատի ունի արդյոք բարեկարգ միջավայրո՞ւմ ենք մենք ապրում, փողոցները մաքո՞ւր են, թե՞ ոչ, և այլն: «Հետևաբար հարց է առաջանում. եթե այդ խնդիրներն այդչափ կարևոր են, ապա ինչո՞ւ քաղաքական ազդեցիկ ուժերը, այդ թվում` առաջին ընդդիմությունը, այս խնդիրներին վերաբերվում է երկրորդական կամ երրորդական մակարդակով: Ըստ իս` նախ կուսակցությունները ճիշտ չեն գնահատում տեղական իշխանությանն օրենսդրությամբ վերապահված պատասխանատվության քաղաքական կշիռը: Տեղական իշխանության խնդիրներին` ընդդիմության չմասնակցելն ուղղակի նշանակում է այդ խնդիրները չկարևորել, ավելորդ ռեսուրսներ են դրանք համարում, և կարծում եմ` դա սխալ մոտեցում է»,- կարծում է Խոսրով Հարությունյանը: