
Նյու Յորք-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում

«Աերոֆլոտի» ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով արտահերթ վայրէջք է կատարել Իսլանդիայում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Նյու Յորք-Մոսկվա ուղղությամբ: Թռիչքի ժամանակ անանուն աղբյուրը ամերիկյան իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքնաթիռում պայթուցիկներով 5 ճամպրուկ կա, որոնք պետք է գործի դրվեն Մոսկվայում վայրէջք կատարելիս: Չվերթն ընդհատվել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Ռեյկյավիկի օդանավակայանում:
Վայրէջքը բարեհաջող է իրականացվել, բոլոր ուղևորները տարհանվել են: Ինքնաթիռի մակնիշը չի նշվում:
Այս տեղեկությունը գործակալությանը հաստատել են նաև «Աերոֆլոտ»-ից: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ օդանավում եղել է 200 մարդ: