Վետերանների կարգավիճակը կհստակեցվի
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց (այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած, խորհրդային բանակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս և այլն) սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները՝ նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից: Նշված կատեգորիաներին պատկանող անձինք չեն օգտվում միայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանված ամենամսյա պատվովճարից, որն, ի դեպ, ոչ մի համաձայնագրով նախատեսված չէ:
Խնդիր կա բոլոր վերը նշված անձանց կարգավիճակները հստակեցնելու, նրանց սոցիալական և իրավական պաշտպանության հարցերը մեկ իրավական ակտում ամրագրելու և ՀՀ գործող օրենսդրությունը ԱՊՀ համաձայնագրերին համապատասխանեցնելու: Այս հարցը նախատեսվում է քննարկել վաղը կառավարության նիստում, և ԱԺ-ին կառաջարկվի լրացում կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում:
Այդ լրացումը կատարելու արդյունքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն ՀՄՊ հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, մասնավորապես` կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք (մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում):
Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձանց թիվը, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, հանրապետությունում փոքր է (ըստ ՀՀ ոտիկանության` ընդամենը 20 մարդ), նպատակահարմար է առաջնահերթ օրենսդրական փոփոխությունը կատարել այս կատեգորիայի մասով՝ հետագայում աստիճանաբար ընդգրկելով նաև միջպետական համաձայնագրերում ամրագրված մյուս կատեգորիաներին:
Հիշեցնենք, որ, համաձայն գործող օրենսդրության, Հայրենական մեծ պատերազմի վետերաններն օգտվում են`
– մասնակիցները 8000, իսկ հաշմանդամ վետերանները 18000-27000դրամ (ս.թ. սեպտեմբերի 1-ից)` կախված հաշմանդամության խմբից, ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքից` նախկինում ունեցած տրանսպորտային անվճար սպասարկման, էլէկտրաէներգիայի, գազի, ջերմամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման վարձավճարների 50 տոկոս զեղչի դիմաց,
– հաշմանդամ վետերանները` աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,
– ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով) արտոնյալ պայմաններով երթևեկելու,
– պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում` դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստանալու,
– 25000 դրամ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունքից (ս.թ. սեպտեմբերի 1-ից):
Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվել է նաև քաղաքային տրանսպորտով անվճար երթևեկելու արտոնություն: