Բրիտանա-էկվադորյան առճակատում է հասունանում՝ Ասանժի պատճառով
Բրիտանական ոստիկանները օգոստոսի 16-ի գիշերը մտել են Էկվադորի դեսպանատան շենք, որտեղ թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Դիվանագիտական առաքելությունը տեղակայված է շինության երկրորդ հարկում, իսկ իրավապահների ներկայացուցիչները դեռեւս զբաղեցրել են շինության ճեմասրահը: Տարածքում հավաքվել են Ասանժի երկու տասնյակ կողմնակիցներ:
Ավելի վաղ Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն հայտնել էր, որ իր երկրի ղեկավարությունը վերջանական որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տալու հարցի վերաբերյալ: Այն հայտնի կդառնա տեղական ժամանակով ժամը 07:00-ին (16:00 Երեւանի ժամանակով): Միեւնույն ժամանակ ոստիկանները սպառնացել են, որ եթե Ասանժը չհանձնվի` իրավապահները իրենք մուտք կգործեն դեսպանատուն եւ կձերբակալեն նրան:
Էկվադորին ուղղված Մեծ Բրիտանիայի իշխանությունների նամակում նշվում է, որ 1987 թ. դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների մասին ընդունված բրիտանական օրենքը իրավական հիմք են տալիս գործողություններ ձեռնարկել` դեսպանատան տարածքում Ասանժին ձերբակալելու համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Բացի այդ, նամակում նշվում է, որ «դեսպանատան կողմից օգտագործվող տարածքը այդ նպատակների համար` հակազդում է Վիեննական կոնվենցիային, եւ չի կարող այլեւս շարունակվել», WikiLeaks-ի հիմնադրին թաքցնելը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների համար կարող է լուրջ խնդիրներ ունենալ:
Ասանժը խախտել է տնային կալանքի որոշումը եւ հունիսի կեսերին հայտնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում` քաղաքական ապաստան խնդրելով: Նա հույս ունի, որ այս երկիրը կընդունի նրան եւ կխանգարի Մեծ Բրիտանիային իրեն փոխանցել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ: