Ազնավուրն այսօր կերգի՞ Ախլցխայում
Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը երեկ ժամանել է Թբիլիսի։ Նախատեսվում է, որ այսօր նա համերգով հանդես կգա Ախալցխա քաղաքի վերանորոգված Ռաբատ բերդի բացման արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ մեծանուն հայորդու Վրաստան կատարելիք այցի դեմ օրեր շարունակ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Հայաստանի և Վրաստանի տարբեր հասարակական գործիչներ և նախաձեռնություններ: Նախօրեին Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ հանրահայտ երգչին կոչ անելով հրաժարվել Ախալցխայի բերդի վերաբացման կապակցությամբ կայանալիք համերգից եւ փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:
«Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու՝ Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում», – ասված էր այդ հայտարարության մեջ։