
Ապստամբների կողմն անցած Սիրիայի նախկին վարչապետը ասուլիս է հրավիրել

Օգոստոսի սկզբին ընդդիմության կողմն անցած Սիրիայի նախկին վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը` Ռիյադ Հիջաբի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
Նախկին վարչապետի խոսքերով՝ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը գտնվում է փլուզման եզրին, իսկ նրա բանակը վերահսկում է երկրի տարածքի մոտ 30 տոկոսը: Բացի այդ՝ նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արել անցնել ընդդիմության կողմը:
Ռիյադ Հիջաբը հերքել է Սիրիայի իշխանությունների կողմից տարածված այն տեղեկությունը, որ իրեն հեռացրել են այն բանից հետո, երբ ինքը փախել է: Նախկին վարչապետի խոսքերով՝ նա ինքն է հրաժարական տալու որոշում կայացրել այն բանից հետո, երբ «կորցրել է հավատը, որ այդ կոռումպացված և դաժան վարչակարգը կարող է փոխվել»:
Հիջաբը նաև հավատացրել է, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո ինքը որևէ պաշտոն ստանալու հավակնություններ չունի:
Վարչապետի հրաժարականի և փախուստի մասին հայտնի էր դարձել օգոստոսի սկզբին: