ՀԱԿ ակտիվիստների ներկայացուցիչը դիմել է Աղվան Հովսեփյանին
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքը վերաբերվում է անցած տարվա օգոստոսին Կարապի լճի շրջակայքում հայտնի աղմկահարույց միջադեպի առնչությամբ մեղադրվող 7 ակտիվիստներից երեքի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը. Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի հետապնդումը օրեր առաջ դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չէ»: Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ նրանք պետք է արդարացվեին ոչ թե ապացույցների անբավարարության, այլ հանցակազմի բացակայության հիմքով:
Սա այն նույն գործն է, որով մյուս 4 ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը հուլիսի 20-ին դատապարտվեցին 6, 3 և 2-ական տարվա ազատազրկման: Ընդ որում, բացի Առաքելյանից ու Կարապետյանից, մյուս 5-ը (այդ թվում արդարացված երեք երիտասարդները) մեղադրվում էին Քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ խուլիգանության մեջ:
ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով, որ 7 ակտիվիստների գործի հիմքում էլ ընկած են նույն մարդկանց նույն ցուցմունքները, անհասկանալի է համարել, թե ինչ տրամաբանությամբ են քննչական մարմինն ու դատարանը տարբերակված մոտեցում ցուցաբերել և երիտասարդների մի մասին ծանր պատժի՝ ազատազրկման դատապարտել, մյուս մասին` արդարացրել:
«Նույն վկաների ցուցմունքներով, նույն ոստիկանների զեկուցագրերով է հարուցվել քրեական գործ ու առաջադրվել մեղադրանք բոլոր յոթին: Տուժողների ու ոստիկանների մեծ մասը դատաքննության ժամանակ այս երեքին էլ էին նշում, որ կատարել են նմանատիպ գործողություններ: Ակնհայտ է, որ դրանք կեղծ, հորինված ցուցմունքներ էին, բայց նրանք տվել են այդ ցուցմունքները: Եվ մի դեպքում այդ նույն վկաների ցուցմունքները դատարանը համարել է հիմնավորված ապացույց, մյուս դեպքում քննիչը դրանք չի համարել բավարար ապացույց, որպեսզի մեղադրական եզրակացություն կազմի և երեքի մասով գործը դատարան ուղարկի: Ե’վ կայացված մեղադրական դատական ակտը, ե’ւ այս որոշումը նշանակում են ընդամենը մեկ բան. որ մենք իրավական հարթությունում գործող իրավական կատեգորիաների հետ գործ չունենք, սրանք քաղաքական որոշումներ են, երկուսն իրար հետ ապացուցում են հետապնդման քաղաքական լինելը»,- ասել է նա:
Հիշեցնենք, Կարապի լճի շրջակայքում այս հայտնի միջադեպի առնչությամբ ի սկզբանե 7 երիտասարդներն էլ ձերբակալվել էին, հետո, բացի Տիգրան Առաքելյանից, մյուսներն ազատվեցին չհեռանալու մասին ստորագրությամբ: Այնուհետև երեք ակտիվիստների մասով քրեական գործից մաս անջատվեց, մյուս 4-ի մասով գործը գնաց դատարան, և շուտով կայացվեց ազատազրկման դատավճիռ: Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի գործը 7-ի գործից անջատելու պաշտոնական հիմնավորումն այն էր, որ ի տարբերություն մյուսների, նրանց առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար նախաքննությունը շարունակելու անհրաժեշտություն կար:
Մինչդեռ Արմեն Խաչատրյանը քննչական մարմնի այս քայլը ևս համարում է «պատվերի շրջանակներում»` ուշադրություն հրավիրելով, որ անջատված մասով գործը կարճվեց մյուսների ազատազրկման դատավճռից ընդամենը 5 օր անց. – «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մաս անջատելուց հետո որևէ քննչական գործողություն այս երեք երիտասարդների առնվազն մասնակցությամբ չի կատարվել: Այսինքն քաղաքական որոշումն արդեն այն ժամանակ եղել է, թե ովքեր պետք է գնան դատարան, ովքեր՝ ոչ: Նախաքննությունը այս մասով մեռել է այնքան ժամանակ, մինչև էնտեղ կայացվել է դատական ակտ, ու դրանից անմիջապես հետո կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու այս որոշումը»:
Ինչ վերաբերվում է նույն գործով ազատազրկման դատապարտված 4 ակտիվիստներից 3-ին, ապա նրանք ազատության մեջ կմնան մինչև դատավճիռը բողոքարկելու գործընթացի ավարտը: Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին արդարացնելու պահանջով բողոքը առաջիկա օրերին կուղարկվի Վերաքննիչ դատարան:
Երկու տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենց համար անկանխատեսելի են իշխանությունների հետագա քայլերը. «Այստեղ տրամաբանություն գտնելը գրեթե անհնար է. կարող է մեզ կալանավորեն, կարող է ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին ևս… Կախված է «Բաղրամյան 26»-ի որոշումից»:
Ազատազրկման դատավճռի բողոքարկման ժամկետը մինչև օգոստոսի 21-ն է: