
«Պարզ լիճ տանող ճանապարհը խայտառակություն և ամոթ է»

Քիչ առաջ 168.am զանգահարեցին ներգնա տուրիզմ իրականացնող կազմակերպության (անունը խնդրեցին չհրապարակել) ներկայացուցիչներ և խնդրեցին իրենց, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների դժգոհությունը հայտնել Դիլիջանի տեսարժան վայրերից մեկի` Պարզ լիճ տանող ճանապարհի վերաբերյալ:
Մեզ դիմած տուր կազմակերպության ներկայացուցչի խոսքով` Պարզ լիճ տանող ճանապարհն ուղղակի խայտառակություն է, որի պատճառով Հայաստան եկած զբոսաշրջիկները մեծ հիասթափություն են ապրում:
«Պարզ լիճ հասնելու համար բավականին երկար ճանապարհ կա, որն ուղղակի ավտոմեքենայով հնարավոր չէ հաղթահարել: Դա խայտառակություն, ամոթ է: Մարդիկ դրսից գալիս ու ցանկանում են Հայաստանի գեղեցիկ, տեսարժան վայրերը տեսնեն, բայց այդ ճանապարհներից էնպիսի հիասթափություն ու զարմանք են ապրում, որ այլևս չեն ցանկանում շարունակել ճանապարհը: Մեքենաներն ամբողջությամբ ջարդուփշուր են լինում: Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ փոսեր ու ինչ անանցանելի ճանապարհ է: Հետաքրքիր է, մեր երկրում զբոսաշրջություն զարգացնող պետական այրերը վերջին անգամ ե՞րբ են Պարզ լիճ գնացել և արդյո՞ք նրանք վերադարձել են նորմալ ավտոմեքենաներով»,- մեզ հետ զրույցում նշեց Դիլիջանից նոր վերադարձած տուրօպերատորը՝ խնդրելով հրապարակել զբոսաշրջիկների վրդովմունքն ու խորը հիասթափությունը:
Առաջիկայում մենք կփորձենք նաև պարզաբանումներ ստանալ համապատասխան նախարարութուններից: