Քաղաքապետարանի պաշտոնյաներին հանձնարարվել է անձամբ զրուցել բողոք ունեցողների հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը եւ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել դիմումատուների հետ, տեղում ուսումնասիրել հարցը եւ հստակ քայլեր ձեռնարկել բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ:
«Ոչ թե վարչական շրջանների սոցիալական ծառայությունների ներկայացրած հաշվետվություններով է պետք գնահատել հատկապես այդ խմբում ներառված քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, այլ տեղում, հենց նույն դիմումատուների հետ անմիջական հանդիպումներով, նրանց լսելով ու հասկանալով, թե ինչից է բողոքում քաղաքացին: Առավել եւս կրկնակի դիմում-բողոքների պարագայում, ինչը նշանակում է, որ դիմումատուին չի բավարարել տրված պատասխանը», -շեշտել է քաղաքապետը:
Ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի` գույքագրվել եւ ուսումնասիրվել են նաեւ ավտոկայանատեղիների համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա ժամանակացույցով խստորեն վերահսկել ավտոկայանատեղիների աշխատանքը: Պատասխանատուներին հանձնարարվել է նաեւ կարճ ժամկետում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, քննարկել եւ ներկայացնել ավտոկայանման համար նպատակահարմար վայրերի նախնական քարտեզը:
Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգված ու նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի եւս 55-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով արդեն մեկնարկել են երեւանյան դեռեւս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Զեկուցվել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչեւ հոկտեմբեր:
Ընդառաջելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչների խնդրանքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ շաբաթ եւ կիրակի օրերին Կենտրոն վարչական շրջանում նույնպես կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այս ուղղությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան բոլոր ստորաբաժանումներին:
Զեկուցվել է, որ քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 898 շքամուտք:
Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են նաեւ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին եւ հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Բացի այդ, ընթացքի մեջ է նաեւ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով կապահովվեն նաեւ մայրաքաղաքի այգիներն ու պուրակները:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր գերատեսչություններին եւ ծառայություններին հանձնարարել է հավուր պատշաճի պատրաստվել այն դիմավորելուն: