Բաժիններ՝

Կաթողիկոսի մասնակցությամբ՝ թողարկվել է հայ-ռումինական համատեղ դրոշմանիշ

Օգոստոսի 14-ին Ռումինիայի Ակադեմիայի Մեծ սրահում տեղի է ունեցել հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին և այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ հանդիսության պատվո հյուրերն են եղել Ամենայն Հայոց Հայրապետը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արևելյան թեմի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները: Ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանին բացելու համատեղ դրոշմանիշի վահանակը: Այնուհետև ելույթներով հանդես եկան նախարար Տիտուս Կոռլացեանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն և Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Այդ կարևոր իրադարձության կապակցությամբ գնահատանքի և օրհնանքի իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Համատեղ դրոշմանիշի վրա պատկերված վանքը ևս մեկ վկայությունն է հայ և ռումին ժողովուրդների երկարատև համերաշխ գոյակցության: Ավանդությունը պատմում է, թե 500 տարի առաջ մոլդովացի հայ առևտրականներ Դոն-Ավագ եղբայրները դեպի Բուդապեշտ իրենց առևտրական ճանապարհին` Սուչավայի մոտ մի բլուրի վրա, կառուցեցին Սբ. Աստվածածնին նվիրված մի վանք, որը հետագայում նշանավոր էր դառնալու իր զորությամբ: Հաճկատար վանքն այսօր ուխտատեղի է ոչ միայն Ռումինիայի և շրջակա երկրների հայերի, այլև հազարավոր տեղացիների համար, որոնք այդ վանքի հետ են կապում իրենց փափագների կատարումը: Դարերից եկող այս ամուր հավատը պատգամ է մեզ, հատկապես` քաղաքական մարդկանց և դիվանագետների համար` անխաթար պահպանելու անցյալի համատեղ արժեքները, հատկապես նրանց էությունն ու ոգին, բարեկամությունն ու համերաշխությունը, և, նոր ուժով հագեցած, այն փոխանցելու հաջորդ սերունդներինե,- իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:
«Հայ-ռումինական ընդհանուր այդ ժառանգությունը բնականորեն մաս է կազմում համաեվրոպական և համամարդկային արժեքների և մեզ ուղղորդում դեպի այն ընդհանուր նպատակը, որին միասնաբար ձգտում ենք` խաղաղ, ապահով և համերաշխ Եվրոպա և ավելի լայն առումով` խաղաղ, ապահով և համերաշխ աշխարհե, ասաց Հայաստանի դեսպանը:
Համատեղ դրոշմանիշը իրականացրել են «Ռոմֆիլատելիա» ընկերությունը և «Հայփոստ» ՓԲԸ` Ռումինիայում Հայաստանի դեսպանության գործուն աջակցությամբ: Դրոշմանիշը, որի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ, երկու երկրներում պաշտոնապես շրջանառության մեջ է մտել օգոստոսի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս