
Վանաձորում դասախոսը սեռական բռնությու՞ն է գործել ուսանողուհու նկատմամբ

Օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռոիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը նշել է, որ դիմումն ուղարկվել է ոստիկանության Վանաձորի բաժին դիմումում նշված փաստերը ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար:
Դատախազի փոխանցմամբ՝ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը հետախուզման մեջ չի գտնվում, քանի որ նրա մեղքը դեռ ապացուցված չէ եւ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել:
Արամ Համբարյանը ՎՊՄԻ-ում դասավանդում է արվեստի ամբիոնում:
Ըստ մամուլի հրապարակումների, դասախոսը նման քայլ ուսանողուհու հանդեպ արդեն երկրորդ անգամն է անում: Կայքի թղթակիցը փորձել է մանրամասններ ճշտել անձամբ ինստիտուտից, սակայն անցակետում հայտնել են, որ բոլորն արձակուրդում են:
Լուսանկարը՝ News.am-ի