Ազնավուրին կոչ են անում հրապարակավ բարձրացնել ջավախահայության խնդիրները
Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.
«Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:
Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:
Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները»: