Իրանը դեմ է ԻՀԿ-ին Սիրիայի անդամակցության դադարեցմանը. Սալեհի
Իրանը հանդես է գալիս Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) Սիրիայի անդամակցության կասեցման դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Սալեհիի խոսքերով՝ Իրանը դեմ է, որ կասեցվի ԻՀԿ-ի անդամ որևէ երկրի անդամակցությունը, կամ էլ որ ԻՀԿ-ի կազմից հանվի նրա անդամ որևէ պետություն: Նա հավելել է, որ անդամակցության կասեցումը չի նշանակում կազմակերպության առաջընթաց՝ ընդգծելով, որ դա չի լուծի խնդիրը: Սալեհին ԻՀԿ-ի անդամներին կոչ է արել աջակցել միմյանց՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:
ԻՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԻՀԿ-ին, որն ունի 57 անդամ երկիր: Շաբաթվա սկզբին Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) տեղի է ունեցել նախարարների նիստ, որը նախորդել է օգոստոսի 14-15-ը Մեքքայում կայանալիք գագաթնաժողովին: