
Ծեծկռտուք Աբովյան փողոցում. դանակ չհասցրեցին կիրառել

Օգոստոսի 12-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Դեպքի վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննությամբ պարզվել է, որ Էդգար Ս.-ն նշված վայրում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է Հայկ Լ.-ին և Հարություն Թ.-ին ու պատճառել վնասվածքներ:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: