ԱՄՆ-ը սպասում է թալիբների դեմ Պակիստանի ռազմական գործողություններին
Պակիստանի իշխանությունները մտադիր են ռազմական գործողություն սկսել «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետային:
Պենտագոնի ղեկավարի խոսքով` Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասֆաք Փերվեզ Քայանին այս կապակցությամբ որոշ մանրամասներ է քննարկել Աֆղանստանում ամերիկյան զորքի հրամանատար Ջոն Ալենի հետ:
Պանետան հայտարարել է, որ ռազմական գործողության հստակ ամսաթիվն իրեն հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կսկսվի «մոտ ապագայում»: Նրա խոսքով` Պենտագոնը ողջունում է Իսլամաբադի այս նախաձեռնությունը, նույնիսկ եթե գործողությունը չառնչվի «Հաքանի» խմբավորմանը (որոշ տվյալների համաձայն` այն պակիստանցի հատուկ ծառայությունների կողմից համակարգվող ցանց է):
ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունները զգալիորեն վատացել են 2011թ.-ին, երբ Պենտագոնն ու ՆԱՏՕ-ն Իսլամաբադին մեղադրեցին ԱՄՆ թշնամուն աջակցելու մեջ: Ասվածի օրինակ է Պակիստանի տարածքում «համար մեկ ահաբեկիչ» Օսամա բեն Լադենի ոչնչացումը, ով տարիներ շարունակ ապրել է Աբոթաբադ քաղաքում` պակիստանյան ռազմաբազայի հարևանությամբ: ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ բեն Լադենին նպատակաուղղված թաքցրել են պակիստանյան հատուկ ծառայությունները, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչի ոչնչացման օպերացիան անցկացվել է գաղտնի պայմաններում:
Միացյալ Նահանգները Պակիստանին մեղադրել է նաև «Հաքանի» ցանցի հետ համագործակցության մեջ, որն իրականացրել է մի շարք հարձակումներ աֆղանցի ու ամերիկացի զինվորականների նկատմամբ, այդ թվում` ԱՄՆ դեսպանատան վրա: Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Պակիստանին մարտական գործողություններ սկսել «Հաքանի» -ի ահաբեկիչների դեմ, սակայն պակիստանյան կողմը տարբեր առիթներով հրաժարվել է: