Պուտինի ու Մեդվեդևի հակասությունները սրվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունները սրվում են: Նման պնդում է անում «Financial Times»-ը:
«Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախագահը հերքեց իր վարչապետի խոսքերը և իր վրա վերցրեց չորս տարի առաջ Վրաստանի հետ պատերազմում Ռուսաստանի հաղթանակի դափնիները»,- գրում է «Financial Times»-ի լրագրող Քեթին Բելթոն` զարգացնելով Պուտինի և Մեդվեդևի միջև տարաձայնությունների թեման:
«Նախագահը հասկացնել տվեց, որ կորսվել են պատերազմի ոչ թե մեկ, այլ երեք օրեր և ասաց, որ Պեկինից երկու անգամ զանգահարել է Մեդվեդևին»: Իր հերթին Մեդվեդևը պնդում է, որ Պուտինի հետ խոսել է օգոսոտոսի 8-ի երեկոյան միայն:
«Financial Times»-ը նշում է, որ վերլուծաբանների կարծիքով ռուսաստանցիներից շատերի համար Մեդվեդևի պաշտոնավարման շրջանում եզակի հաջողություն համարվող հարցի շուրջ հրապարակային հարձակումները վկայում են «պուտինյան» և «մեդվեդևեյան» ճամբարների միջև հարաբերությունների սրման մասին:
Ըստ «Financial Times»-ի, առաջին անգամ Ռուսաստանի վերնախավում լիբերալների և պահպանողականների հակադրությունն ի հայտ եկավ անցած տարվա սեպտեմբերին, երբ Պուտինը հայտարարեց «փոխատեղման» մասին` հուսախաբ անելով Մեդվեդևի պաշտոնավարման երկրորդ ժամկետի հույս ունեցող լիբերալ պաշտոնյաներին և գործարարներին: «Այսօր արդեն Պուտինի մերձավորների շրջանում հաստատվում են կասկածները, որ Մեդվեդևի կողմնակիցներն ու անձամն նախկին նախագհահն էին հովանավորում հակապուտինյան ակցիաները»,- գրում է «Financial Times»-ը:
Այդուհանդերձ, ինչպես թերթի հետ զրույցում ասել է ռուսաստանյան քաղտեխնոլոգ Գլեբ Պավլովսկին, հակամարտում են ոչ թե Պուտինն ու Մեդվեդևը, այլ նրանց քաղաքական ճամբարները: