
Բրեյվիկի ոճրագործությունը կարելի էր կանխել. հանձնաժողովի զեկույց

Տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Օսլոյի կառավարական թաղամասում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունը կարելի էր կանխել, եթե գոյություն ունեցող նախազգուշական միջոցառումները կիրառվեին առավել արդյունավետ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է այսօր, նորվեգական NRK հեռուստառադիոընկերության ուղիղ հեռարձակմամբ: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»:
Բրեյվիկը մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 22-ին մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ կրակահերթ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 77 մարդ: Ապրիլի 16-ից հունիսի 22-ն Օսլոյի դատարանում անցկացվել է նրա գործով դատալսում: Հաղորդվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին:
Հանձնաժողովի համաձայն` հանցագործին հնարավոր էր կանգնեցնել մինչ կառավարական թաղամասում պայթյունը: Փորձագետները նաև քննադատել են ոստիկանությանը` ցուցաբերած դանդաղաշարժության համար, որի պատճառով չհաջողվեց պաշտպանել Ուտոյա կղզում գտնվող երիտասարդներին:
Ըստ եզրակացության` Նորվեգիայի Անվտանգության ծառայությունը կարող էր դուրս գալ Բրեյվիկի հետքի վրա մինչ ահաբեկչությունները:
Անկախ հանձնաժողովը ստեղծվել է վարչապետ Ենս Սթոլթենբերգի կողմից, ահաբեկչություններից անմիջապես հետո: Նպատակն «առավել անվտանգ Նորվեգիայի» ստեղծմանը նպաստելն է: