
Ղուկասյանի չառաջադրվելը «աժիոտաժ» չի առաջացրել ԲՀԿ-ում

«Անկեղծ ասած, ինձ զարմացնում է, որ Վարդան Ղուկասյանի առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված նման աժիոտաժ կա քաղաքական, հանրային շրջանակներում: Ի վերջո, որևէ մեկը չի կարող ասել, որ Վարդան Ղուկասյանը պիտի Գյումրի քաղաքի ցմահ քաղաքապետը լիներ. եթե չեմ սխալվում, նա արդեն հինգ անգամ պաշտոնավարել է որպես քաղաքապետ և եթե չի առաջադրվել, ուրեմն դա իր կուսակցության որոշումն է, ինչպես որ ներկայացնում են Հանրապետական կուսակցության առաջին դեմքերը: Մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում` կապված մեր հետ: Կառաջադրվե՞ր Ղուկասյանը, թե՞ չէր առաջադրվի, մեր խնդիրները Գյումրիում դրանից բացարձակապես որևէ փոփոխություն չէին կրելու,- ասել է Ն. Զոհրաբյանը` հավելելով,- ԲՀԿ-ն պատրաստ էր նաև Գյումրիում լարված մթնոլորտում մրցել, եթե գործող քաղաքապետն առաջադրվեր և լարվածություն առաջանար»:
Չնայած Գյումրիում ակնկալվում է ՀՀԿ-ի աջակցությանը ԲՀԿ-ական թեկնածուին, Հայաստանի 30 համայնքներում սեպտեմբերի 9-ին թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև: Հարցին, թե հաշվի առնելով Թալինի ընտրությունների նախադեպը, երբ ԲՀԿ-ի թեկնածուն ընդամենը 300 ձայնով պարտվեց ՀՀԿ-ի թեկնածուին, և հայտարարեց զանգվածային խախտումների, ոչ ազատ ու արդար ընտրությունների մասին, մտավախություն չունե՞ն, որ նույն պատկերը կարող է մյուս համայնքներում էլ կրկնվել, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան ակտիվ մասնակցում ՏԻՄ ընտրություններին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է. «Մենք պատրաստ պիտի լինենք ցանկացած զարգացման, և եթե կկիրառվեն վարչական ռեսուրսներ, բնականաբար, մեր գնահատականը մենք կհնչեցնենք թե այստեղ, թե միջազգային հարթակներում»: