Զոհերից շատերի մարմինները մինչ այժմ գտնվում են ավերակների տակ
Ինչպես տեղեկացնում «Իտառ-Տասս»-ը, շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը:
Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարզիե Վահիդ Դաստջերդին, զոհվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: 3037 տուժածներից 1000-ը հոսպիտալացվել են: Ըստ «Իտառ-Տասս»-ի՝ նախարարը նաև ճշտել է, որ զոհերից շատերի մարմինները մինչև այժմ գտնվում են ավերակների տակ և նրանց որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել մի քանի երկրաշարժ: Առաջին ստորերկրյա ցնցումը 6,4 մագնիտուդով արձանագրվել է տեղական ժամանակով 16:53-ին, Թավրիզից 60 կմ հյուսիս-արևելք` 9,9 կմ խորության վրա: Երկրորդ ցնցումը՝ 6,3 մագնիտուդով, հետևել է 11 րոպե անց: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Ահապ, Վարազկան և Հարիզ քաղաքներին:
Իրանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում: 20-րդ դարում երկրաշարժի զոհ է դարձել այդ երկրի 170 հազար բնակիչ: 2003թ. դեկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցման հետևանքով ամբողջովին ոչնչացավ երկրի հարավ-արևելքում գտնվող հնագույն Բամ քաղաքը: Այդ ժամանակ զոհերի թիվը կազմել էլ 30 հազար մարդ:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: