
Թուրք պաշտոնյան հերքել է Հայաստանի՝ Անիի մերձակա քարհանքերում պայթեցումների լուրերը

Կարսի նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հաքար Դողանայը հերքել է թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե հայկական կողմից քարհանքերում իրականացվող պայթեցումները վնասում են Անիի ավերակները:
Նա նշել է, որ Անիից ոչ հեռու գտնվող հանքերը շահագործվում են Թուրքիայի և Հայաստանի միջև 2006 թ-ին կնքված համաձայնագրի շրջանակներում:
Դողանայն ընդգծել է, որ Անին հայերի համար սուրբ և պատմական տարածք է:
«Մինչև 2006 թ.-ը քարհանքերում դինամիտով պայթեցումներ իրականացնելու պատճառով Անիի ավերակները վնաս էին կրում: Ավելի ուշ համաձայնություն ձեռք բերվեց, որ մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության նպատակով նման պայթեցումները դադարեցվեն: Հայերն այդ համաձայնագրին հավատարիմ են և դինամիտ չեն օգտագործում»,- ասել է նա:
Նա նշել է, որ Անիի նման ստեղծագործություններին պետք է հարգանքով մոտենալ և, որ իրենք պատրաստվում են պատմական այդ ժառանգությունը պահպանել այն տեսքով, որով «իրենց է հասել»:
«Աշխարհի բոլոր երկրներից Անի են այցելում: Շատ են գալիս հատկապես Բրիտանիայի և Ֆրանսիայի հայերը, սակայն մենք մեր երկիր ու Կարս այցելող զբոսաշրջիկներին ազգությամբ չենք չափում: Մենք ասում ենք` Անին մի աշխարհ է, սակայն աշխարհը մի Անի չէ»,- ասել է նա: