
Փրկված հայ լեռնագնացը այսօր կիջնի Ուշբա լեռան ստորոտից

Երեկ՝ ժամը 19.30-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին:
Ըստ ԱԻՆ կայքի՝ հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին:
Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:
Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում:
Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` նա այսօր փրկարարների հետ միասին պետք է իջնի լեռան ստորոտից: