Բաժիններ՝

PR-ը` նաև մրցակից կուսակցության միջոցով

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ գործող նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ներկայացվելու է որպես կուսակցության նախագահի թեկնածու, ելույթներով հանդես կգա նաև որևէ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունից: Այդ մասին հաղորդում է «Politico co»-ն` հղում անելով Դեմոկրատական կուսակցության իր աղբյուրներին:

Դեմոկրատների նախնական ծրագրի համաձայն, համագումարին հրավիրելու են կենտրոնամետ հանրապետականներից որևէ մեկին: Միջոցառման կազմակերպիչներն ու Օբամայի քարոչությամբ զբաղվող մասնագետները հաշվարկել են, որ այդ քայլը կբարձրացնի նրա հեղինակությունը անկախ ընտրողների շրջանում: «Անկախ ընտրողներ» ԱՄՆ-ում համարվում են այն քաղաքացիները, ովքեր պաշտոնապես չեն հարում երկու ուժերից` Դեմոկրակտական կամ Հանրապետական կուսակցություններից որևէ մեկին:

Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ով կլինի Դեմոկրատական կուսակցության հանրապետական հրավիրյալը: «Politico co»-ի հրապարակման մեջ որպես հավանական թեկնածու հիշատակվում է նախկին հանրապետական սենատոր Չակ Հագելի անունը:

Համարվում է, որ Հագելի ու Օբամայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել արտաքին քաղաքական հարցերում նրանց հայացքների ընհանրության հետ կապված:

Հագելը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմին` Իրաքի պատերազմի առնչությամբ և ընհանուր առմամբ չի ընդունում Հանրապետականների` արտաքին քաղաքական մոտեցումները: Թեև Հագելը համարվում է հանրապետական սենատոր  Ջոն Մաքքեյնի ընկերներից մեկը, սակայն 2008 թվականի նախագահական ընտրություններում չի պաշտպանել նրա թեկնածությունը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Հագելը անգամ խորհրդատվություն է մատուցել Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին:
Նշենք, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-6-ը` Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում: Իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերի 6-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս